«Cheers (Drink to That)», բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի երգը նրա «Loud» (2010) հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը ստեղծվել է «The Runners» հիփ-հոփ խմբի կողմից և հիմնված է «I’m with You» երգի օրինակի վրա, որը հայտնվել է կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի (2002 թվական) «Let Go» առաջնաելույթային ալբոմում։ Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնց մեծ մասը գովաբանել է «I’m with You» երգի հետ հաջող համադրումը՝ նշելով, որ ակումբային երգերի շարքում այն մեծ հաջողություն կարող է գրանցել իր համապատասխան լիրիկայի շնորհիվ։ Երգը ներառվել է «Loud Tour» համերգային շրջագայության երգերի ցանկում։ 2011 թվականի օգոստոսի 2-ին սինգլը ուղարկվել է ԱՄՆ-ի գլխավոր ռադիոհաճախականության ալիք։
Ստեղծման պատմություն, թողարկում և կառուցվածք
Ռիհաննան«Loud» ալբոմի նոր սինգլի՝ «Cheers (Drink to That)» երգի թողարկման մասին առաջին անգամ հայտարարել է Twitter-ում, երբ պատասխանել է հայտնի ինտերնետ բլոգեր Պերես Հիլթոնին, որ ալբոմի իր սիրած երգը կլինի հաջորդ սինգլը։ «Cheers (Drink to That)» երգն Ամերիկայի Միացյալ Նահանգների ռադիոկայաններ է ուղարկվել 2011 թվականի օգոստոսի 2-ին։ Երգն ունի մի քանի հեղինակ, որոնցից մեկը հենց Ռիհաննան է, որպես պրոդյուսերներ հանդես են եկել «The Runners» հիփ-հոփ խմբի անդամները։ Ստեղծագործությունը համադրված է երգչուհի Ավրիլ Լավինի «Let Go» ալբոմի առաջնաելույթային «I’m with You» երգի հետ և իր կառուցվածքում ներառում է փոփ ռոքի երաժշտական տարրեր։
Քննադատների արձագանքներ
«BBC Music»-ից Մարկ Սեվեջը նկարագրել է այս երգը որպես ժողովրդական, թռվռացող կիթառային ռիթմ՝ նախատեսված քաղաքային երեկույթների համար, որը Ռիհաննան նվիրել է «աշխարհի բոլոր կիսահարբեցողներին»։ Ռոբերտ Կոպսին «Digital Spy»-ից գովաբանել է Ավրիլ Լավինի երգի սեմփլի հաջողված օգտագործումը երգում, անվանելով այն «անհավանական աչքի ընկնող»։ Նա նաև հայտնել է այն կարծիքը, որ երգն ապագայում հաջողություն է ունենալու բարերում և ակումբներում՝ ի շնորհիվ երգի տեքստի, որը հղում է անում խմիչքին և միջոցառումներին։ «PopCrush» խմբից Էմի Սկիարետոն մեկնաբանել է ստեղծագործության երաժշտական ոճը՝ ասելով․ «Երգը լի է արևադարձային, կղզային, ճոճվող ռիթմով, որը բացահայտվում է ամբողջ «Loud» ալբոմում և վերադարձնում է երգչուհուն իր բարբադոսյան արմատներին»։ Սկիարետոն նաև նշել է, որ երգն իր լիրիկական ոճով կարող է դառնալ շատ հայտնի բարերում և ակումբներում։
↑ 7,07,1«Future Releases». Allaccess.com. All Access Music Group. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.