Վասիլի Ժուկովսկի Василий Жуковский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29 (փետրվարի 9), 1783 |
Ծննդավայր | Միշենսկոե, Բելյովսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 12 (24), 1852 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանական ազնվականների պանսիոն |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Գիտության ընկերների վարշավյան ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Elizabeth Reitern? |
Զավակներ | Ալեքսանդրա Ժուկովսկայա և Paul von Joukovski? |
Vasily Zhukovsky Վիքիպահեստում |
Վասիլի Ժուկովսկի (ռուս.՝ Василий Жуковский, հունվարի 29 (փետրվարի 9), 1783, Միշենսկոե, Բելյովսկի գավառ, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 12 (24), 1852, Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն), ռուս գրող, ռուսական ռոմանտիզմի հիմնադիրներից, թարգմանիչ, քննադատ։ Ռուսական կայսերական ակադեմիայի իսկական անդամ (1841), Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1827-1841), հետագայում ռուսերեն լեզվի բաժնի ակադեմիկոս (1841), գաղտնի խորհրդական (1841)։
Ծնվել է 1783 թվականի հունվարի 29-ին (փետրվարի 9-ին) Տուլայի մարզի Միշենսկի ավանում։ Հողատեր Աֆանասի Բունինի (1716—1791) և թրքուհի Թալխիի (կնունքի ժամանակ՝ Ելիզավետա Դեմենտևնա Տուրչանինա, մահացել է 1811 թվականին) ապօրինի որդին էր։ Երեխան իր ազգանունը ստացել է Բունինի կալվածքում ապրող աղքատ բելառուս ազնվական Անդրեյ Ժուկովսկուց, ով Բունինի խնդրանքով դարձավ նրա կնքահայրը և հետո որդեգրեց նրան։ Վասիլիի ծննդից առաջ Բունինները կորցրեցին իրենց վերջին որդուն՝ Իվանին։ Մարիա Բունինան որոշեց վերցնել նորածնին և դաստիարակել հարազատ որդու պես։
Ժուկովսկու օրինական ծնված քույրերից մեկն ամուսնացավ Գլաֆիրա Ալիմովայի եղբոր հետ, այսպիսով բարեկամանալով Գլաֆիրայի ամուսնու՝ Ռժևսկու ( Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն) հետ։
Անզնվականություն ստանալու համար երեխան ձևականորեն գրանցվել է Աստրախանի հուսարական գնդում, ստացել պրապորշչիկի կոչում, որը իրավունք էր տալիս անձնական ազնվականության համար, 1789 թվականին վեցամյա Ժուկովսկին գրանցվեց Տուլայի մարզի ազնվականների մատյանում, ստացավ իր ազնվականությունը հաստատող փաստաթուղթ, որը հետագայում թույլ տվեց նրան կրթություն ստանալ մասնավոր պանսիոնում, այնուհետև՝ Տուլայի ժողովրդական ուսումնարանում։
1797 թվականին 14-ամյա Ժուկովսկին ընդունվեց Մոսկվայի համալսարանի ազնվականական պանսիոն և սովորեց այնտեղ 4 տարի։ Ուսման երկրորդ տարում իր ընկերների հետ, որոնց թվում էին Դմիտրի Դաշկովը, Ալեքսանդր և Անդրեյ Տուրգենևները, ստեղծեց գրական միություն՝ հաստատված կանոնադրությամբ։ Ժուկովսկին դարձավ առաջին նախագահը։
Ժուկովսկու համար դեբյուտային է «Խոհեր գերեզմանի մոտ»-ը (1797), որը գրել է Ուշակովայի մահվան լուրն իմանալուց հետո։ «-Ես ցայտուն կերպով զգացի, - պատմում է 14 տարեկան հեղինակը, - աշխարհի ամբողջ ոչնչությունը։ Տիեզերքը ինձ թվում էր դագաղ։ Մահ։ Գիշատիչ մահ։ Ե՞րբ կհոգնի ձեռքդ, ե՞րբ կբթանա քո սարսափելի գերանդու շեղբը:»
1802 թվականին սենտիմենտալիզմով հետաքրքվելու ժամանակ ծանոթացել է Կարամզինի հետ։ «Եվրոպական լրատու»-ում տպագրվել է «Գյուղական գերեզմանատուն»-ը, որն անգլիացի սենտիմենտալիստ Գրեյի եղերերգի թարգմանությունն է։ Բանաստեղծությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Հաջորդ տարի լույս ընծայվեց «Վադիմ Նովգորոդցի» պատմվածքը, որը գրել է Կարամզինի պատմվածքներն ընդօրինակելով։
1805-1806 թվականներին աճում է Ժուկովսկու բանաստեղծական ուժը՝ իր գագաթնակետին հասնելով 1808-1809 թվականներին։ Այս ընթացքում Ժուկովսկին աշխատում էր «Եվրոպական լրատու-ում, 1808-1809 թվականներին նրա խմբագիրն էր։
1808 թվականին լույս տեսավ նրա «Լյուդմիլան»՝ Բյուրգերի «Լենորայի» վերամշակումը։ Այս բալլադով ռուսական գրականության մեջ մուտք գործեց մի նոր, յուրահատուկ բովանդակություն՝ ռոմանտիզմը։ Ժուկովսկին հետաքրքրվեց միջին դարերով, ավանդություններով և ավանդազրույցներով։ «Լյուդմիլայի» հաջողությունը ներշնչեց Ժուկովսկուն։
1812 թվականին Ժուկովսկին մտավ աշխարհազոր։ Տարուտինի մոտ գտնվող ճամբարում նա գրեց «Երգիչը ռուս զինվորների մեջ», որը միանգամից դարձրեց նրան հանրաճանաչ։ Հազարավոր օրինակներով այն տարածվեց ամբողջ բանակում, Ռուսաստանում։
1815 թվականին Ժուկովսկին դարձավ «Արզամաս» գրական միության գլխավոր անդամներից մեկը, ով կատակով պայքարում էր կլասիցիզմի դեմ։ Այնտեղ նա ծանոթանում է վոլոգդացի գրող Կոնստանտին Բատյուշկովի հետ և դառնում նրա ընկերներից մեկը։
1816 թվականին Ժուկովսկին դառնում է Ռուսաստանի առաջին պաշտոնական օրհներգի՝ «Ռուսների աղոթքը» երգի հեղինակը։ Այն անգլիական «God save the King» օրհներգի թարգմանությունն էր (ճիշտ է՝ փոփոխված)։ Երաժշտությունը նույնպես վերցված էր անգլիական օրհներգից (ինչը այդ ժամանակ արել էին 20 երկրներ)
1817 թվականին դարձավ արքայադուստր Շառլոտայի, ապագա Ալեքսանդրա կայսրուհու ռուսերենի ուսուցիչը, իսկ 1826 թվականին դարձավ գահի ժառանգորդի՝ Ալեքսանդր II-ի «դաստիարակը»։
Ժուկովսկին լավ ծանոթ էր Պուշկինին։ Երբ 1837 թվականի հունվարի 28-ին ( փետրվարի 8-ին) տեղի ունեցավ Պուշկինի և Դանտեսի մահացու մենամարտը, Ժուկովսկին փոխանցում էր Նիկոլայ I-ի և Պուշկինի նամակները։ Այս հարցում նրան օգնում էր Պուշկինի բժիշկը՝ Նիկոլայ Արենդտը։
Պուշկինի մահից հետո, 1837 թվականին, Ժուկովսկին Ալեքսանդր II-ի հետ շրջեց Ռուսաստանով և Սիբիրի մի մասով։ Դրանից հետո, 1838-1839 թվականներին, Ժուկովսկին ճանապարհորդեց նրա հետ Արևմտյան Եվրոպայով։ Հռոմում նա ընկերացավ Գոգոլի հետ։
1841 թվականին Ժուկովսկին դուրս եկավ աշխատանքից՝ կապված թագաժառանգի չափահաս դառնալու հետ։ Նույն թվականին Դյուսելդորֆում տեղի ունեցավ 58-ամյա գրողի և 19-ամյա Ելիզավետա Ռեյտերնի (1821—1856) հարսանիքը։
Կյանքի վերջին 12 տարիներն անց է կացրել Գերմանիայում, նոր բարեկամների շրջապատում՝ սկզբում Դյուսելդորֆում, հետո Ֆրանկֆուրտում։ Ամեն տարի ուզում էր գալ Ռուսաստան, բայց կնոջ հիվանդության պատճառով չէր կարողանում։
1842 թվականի սկզբին սկսում է թարգմանել Հոմերոսի «Ոդիսականը», որի առաջին գիրքը տպագրվել է 1848 թվականին, իսկ երկրորդը՝ 1849 թվականին։
Մահացել է 1852 թվականի ապրիլի 24-ին (12) Բադեն-Բադենում։ Դիակը տեղափոխվել է Ռուսաստան և հուղարկավորվել Պետերբուրգում։
օտարերկրյա
Որոշ ստեղծագործություններ հանդիսանում են թարգմանություններ ուրիշ հեղինակներից, այդ թվում՝ Գյոթեից, Շիլլերից, Բայրոնից, Սկոթից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ժուկովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 302)։ |
|