Ռասել Բրենդ անգլ.՝ Russell Brand | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա և Լոնդոնի Դրամա Սենթր |
Մասնագիտություն | դերասան, սյունակագիր, կատակերգու, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, ռադիոհաղորդավար, երգիչ, վիպասան, բանաստեղծ, երաժիշտ, դրամատուրգ, բլոգեր, ինքնակենսագիր, յություբեր, լրագրող, սցենարիստ, ստենդ ափ երգիծաբան, կինոդերասան, կիթառահար, հեռուստատեսային դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող |
Ամուսին | Laura Gallacher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | russellbrand.com |
Russell Brand Վիքիպահեստում |
Ռասել էդվարդ Բրենդ (անգլ.՝ Russell Edward Brand, հունիսի 4, 1975, Grays, Thurrock, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, հրապարակախոս, գրող, սթնդափ-կոմիկ և հումորիստ, հեռուստա- և ռադիոհաղորդավար։
Մեծ Բրիտանիայում Ռասել Բրենդը հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ որպես BBC հեռուստաալիքով թողարկվող Big Brother's Big Mouth թոք-շոուի հաղորդավար և BBC Radio 2 ռադիոկայանում «Ռասել Բրենդի շոուի» համահաղորդավար։ Բրենդը խաղացել է մի շարք բրիտանական սիթքոմներում և մի քանի անգամ հանդես է եկել մրցանակների հանձնման արարողություններում՝ որպես հաղորդավար (օրինակ՝ MTV Video Music Awards 2008 և 2009 թվականներին)։ Խաղացել է «Թռիչքի մեջ» (Forgetting Sarah Marshall), «Համադասարանցիներ» (St Trinian's), Պենելոպա (Penelope), «Գիշերային հեքիաթներ» (Bedtime Stories), «Փախուստ Վեգասից» (Get Him to the Greek), «Արթուր. Կատարյալ միլիոնատեր» (Arthur) և «Դարի ռոք» (Rock of Ages) ֆիմերում։ YouTube-ում վարում է իր սեփական Trews ալիքը (True news-ից՝ իրական կամ ճշմարիտ նորություններ), որտեղ մեկնաբանում է արդիական նորությունները։
2000-ական թվականներին Բրենդը հայտնվել է մի շարք աղմկահարույց սկանդալների մեջ։ 2001 թվականին նրան հեռացրել են MTV-ից այն բանի համար, որ նա 2001 թվականի սեպտեմբերի 12-ին (ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններից մեկ օր անց) աշխատանքի է եկել Ուսամա բեն Լադենի հագուստով։ 2008 թվականի հոկտեմբերին Բրենդն ստիպված է եղել հեռանալ BBC Radio 2-ից՝ ռադիոեթերում նրա արած կարճամետրաժ հեռախոսային զանգի արդյունքում առաջացած սկանդալից պատճառով։
14 տարեկանից բուսակեր է։ Կիրառում է Յոգա և մեդիտացիա, հետաքրքրված է հինդուիզմով։ Զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայի հանրահռչակմամբ, այցելում է կրիշնաիտյան տաճարներ և իր հոգևոր դաստիարակն է համարում Գուրու Ռադհանաթհ Սվամին։
2010-2012 թվականներին ամուսնացած է եղել ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի հետ։
Ռասել Բրենդը ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքում։ Նա Բարբարա Էլիզաբեթի (մինչև ամուսնանալը՝ Նիկոլս) և լուսանկարիչ Ռոնալդ Բրենդի միակ երեխան է։ Ռասելի ծնողներն ամուսնացել են 1969 թվականին և ամուսնալուծվել են, երբ Ռասելը եղել է վեց ամսական։ Մայրը որդուն ինքնուրույն է մեծացրել, և Ռասելի հիշողություններով նրա մանկությունը միայնակ է անցել։ Յոթ տարեկան հասակում Բրենդն իր ուսուցչի կողմից ենթարկվել է սեռական բռնության։ Երբ Ռասելը եղել 8 տարեկան, նրա մայրը սկզբում պայքարել է արգանդի քաղցկեղի, իսկ հաջորդ տարի՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Ժամանակը, որի ընթացքում նրա մայրը հիվանդանոցում ինտենսիվ թերապիա է անցել, Բրենդն անցկացրել է իր հարազատների տանը։ 14 տարեկան հասակում Բրենդն սկսել է տառապել նյարդային բուլիմիայով։ 16 տարեկան հասակում Բրենդը թողել է ուսումն ու իր տունը, որտեղ նա չէր կարողանում լեզու գտնել իր խորթ հոր հետ։ Սկսել է թմրանյութեր, այդ թվում՝ կանեփ, ամֆետամին, LSD, կոկաին, MDMA, կռեկ-կոկաին և հերոին օգտագործել։ National Public Radio-ին տված հարցազրույցում Բրենդն ասել է, որ տարօրինակ հարաբերություններ է ունեցել իր հոր հետ, որին ինքը պարբերաբար է տեսել, և որն Արևելք կատարած ուղևորության ժամանակ նրան մարմնավաճառների մոտ է տարել։ Բրենդի հայրը, նրա մոր հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է ևս երկու անգամ։
Բրենդը կրթություն է ստացել Գրեյսի միջնակարգ դպրոցում, որտեղ 15 տարեկան հասակում կայացել է նրա թատերական դեբյուտը. նա Գեր Սեմի դերն է խաղացել «Բագսի Մելոուն» դպրոցական բեմադրության մեջ։ Այնուհետև Բրենդն սկսել է աշխատել կացորդ և 1991 թվականին ընդունվել է Իտալիա Կոնտի ակադեմիա, որտեղ նրա ուսուցման առաջին տարին ֆինանսավորվել է Էսեքսի քաղաքային խորհրդի կողմից։ Բրենդն ընդունել է թմրանյութեր, ինչի պատճառով ուսուցման առաջին իսկ տարում հեռացվել է ակադեմիայից։ Ավելի ուշ Բրենդը փոքր դերեր է խաղացել «Mud» մանկական հեռուստաշոուում և «Զուտ անգլիական սպանություն» ոստիկանական հեռուստասերիալում։
1995 թվականին Բրենդն ընդունելության քննություններ է հանձնել Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և Լոնդոնի դրամայի կենտրոնում՝ ուսում ստանալով վերջին անգամ։ Այդ ժամանակ Բրենդը կախվածություն է ունեցել թմրանյութերից և հակված է եղել ինքնավնասման։ Իր իսկ խոսքերով նա քանդել ու կոտրել է ամեն ինչ։ Մի օր Բրենդը, ի պատասխան իր ելույթին հավանություն չտվող արձագանքներին, հենց բեմի վրա կոտրել է օղու բաժակը, կտրել է իրեն բաժակի բեկորներով և հանդիսատեսի մոտ մեծ տպավորություն թողնելու համար օգտագործել է կեղծ արյուն։ Արդյունքում՝ Բրենդին թատերական դպրոցից հեռացրել են ուսման առաջին տարվա վերջին։ Դրանից հետո Բրենդը որոշել է կենտրոնանալ կատակերգության վրա և սկսել է նյութեր գրել Կառլ Թեոբալդի հետ, որի հետ նա ավելի վաղ ծանոթացել էր դրամայի կենտրոնում։ Միասին նրանք ստեղծել են կարճ ժամանակով գոյություն ունեցող «Թեոբալդն ու Բրենդը սառույցի վրա» կատակերգական դուետը։
Բրենդի՝ որպես ստենդափ-կոմիկի առաջին նշանակալի ելույթը տեղի է ունեցել 2000 թվականին Լոնդոնի Hackney Empire թատրոնում անցկացվող երիտասարդ հումորիստների մրցույթում։ Չնայած նրան, որ մրցույթում Բրենդն զբաղեցրել է միայն չորրորդ տեղը, նրա ելույթը գրավել է նոր տաղանդների որոնման գործակալի ուշադրությունը։ Նույն թվականին, երկու այլ հումորիստների հետ թիմում, Բրենդը ելույթ է ունեցել «Էդինբուրգյան ֆրինջ» արվեստի փառատոնում։
2004 թվականին տեղի է ունեցել Բրենդի առաջին մենահամերգը նույն փառատոնում, որը կոչվել է «Հիմա ավելի լավ է»։ Այս ելույթում Բրենդն անկեղծորեն նկարագրել է իր կյանքի այն ժամանակահատվածը, որում նա թմրամոլ և հերոինից կախված է եղել։ Հաջորդ տարի Բրենդը փառատոն է վերադարձել «Էրոտիզացված հումոր» անվանումով համարով։ 2006 թվականին կայացել է նրա առաջին համերգային շրջագայությունը Մեծ Բրիտանիայում, որը կոչվել է «Shame» («Խայտառակություն»)։ Բրենդը ծաղրել է որոշ միջադեպեր իր կյանքից և այն, ինչ նրա մասին գրել է բրիտանական մամուլը։ Շոուն թողարկվել է DVD-ով «Russell Brand: Live» անվանումով։ 2006 թվականին Բրենդը հանդես է եկել «Գաղտնի ոստիկանության պարահանդես» բարեգործական համերգին, որը կազմակերպվել էր «Միջազգային համաներում» կազմակերպության օգտին։ 2007 թվականի մարտին Բրենդն ու Նոել Ֆիլդինգը հանդես են եկել՝ որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օգտին բարեգործական ծրագրի վարող։ 2007 թվականի դեկտեմբերին Բրենդը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Արքայազն Ֆիլիպի և թագավորական ընտանիքի այլ անդամների առջև թագավորական էստրադային ներկայացման ժամանակ։ Նույն թվականին տեղի է ունեցել հումորիստի երկրորդ բրիտանական շրջագայությունը, որը կոչվել է «Ռասել Բրենդն ընդամենը կատակում է»։ DVD-ում շոուն թողարկվել է՝ որպես «Russell Brand: Doin' Life»:
Այնուհետև Բրենդը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում՝ Comedy Central հեռուստաալիքի համար ձայնագրելով հատուկ «Ռասսել Բրենդը Նյու Յորքում» ծրագիրը, որը հեռարձակվել է 2009 թվականի մարտին։ 2009 թվականի հունվարից մինչև ապրիլ Բրենդը համերգներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում՝ «Russell Brand: Scandalous» («Սկանդալային Ռասել Բրենդ») անվանումով շրջագայության ընթացքում։ Նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բրենդը մի քանի բարեգործական համերգ է տվել, որոնցից ստացված հասույթը տրամադրվել է թմրամոլների վերականգնմամբ զբաղվող կազմակերպությանը։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվել է «Russell Brand: Scandalous» համերգային DVD-ն։
Բրենդի կարիերան հեռուստատեսությունում սկսվել է 2000 թվականին MTV երաժշտական ալիքում վիջեյի աշխատանքից, որտեղ նա հանդես է եկել որպես «Dance Floor Chart» հաղորդման (այցելելով տարբեր գիշերային ակումբներ Մեծ Բրիտանիայում և Իվիսում) և «Select» շոուի հաղորդավար։ Սակայն մեկ տարի անց Բրենդին հեռացրել են MTV-ից այն բանի համար, որ նա 2001 թվականի սեպտեմբերի 12-ին (սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հաջորդ օրը) աշխատանքի է եկել Ուսամա բեն Լադենի հագուստով և իր հետ ստուդիա է բերել ծանոթ թմրավաճառի՝ ներկայացնելով նրա ծրագրի հյուրին՝ Քայլի Մինոուգին։ 2008 թվականին Բրենդն այդ միջադեպի մասին հիշել է Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում. «Այն ժամանակ ես օգտագործում էի կռեկ և հերոին։ Բացի այդ, ես խիստ հուզված էի, քանի որ բոլորին ասում էի բեն Լադենից եկող վտանգի մասին, մինչև սեպտեմբերի 11-ը։ Եվ նման դեպք է կատարվում։ Դա կարծես թե հիթ-շքերթում անսպասելիորեն հայտնվում է մի գավառական խումբ, որին դու սիրել ես երկար տարիներ»։
MTV-ից հետո Բրենդը հանդես է եկել «RE:Brand» վավերագրական կատակերգական հաղորդման սցենարի հեղինակ և հաղորդավար, որը մարտահրավեր է նետել և ծաղրել մշակութային տաբուները։ Ծրագիրը հեռարձակվել է 2002 թվականի ընթացքում բրիտանական UK Play արբանյակային ալիքով։ Առաջին թողարկումներից մեկում Բրենդն իր հորը հրավիրել է բռնցքամարտի մենամարտի, իսկ մեկ այլ հաղորդման ժամանակ իր տանն ապրելու է հրավիրել լոնդոնցի թափառաշրջիկի, ինչպես նաև կավատի դեր է կատարել հերոինից կախված մարմնավաճառուհու համար։
2004 թվականին Բրենդը հանդես է եկել «Big Brother's Eforum» հեռուստաշոուում՝ որպես հաղորդավար, որտեղ հայտնի հյուրեր և հանդիսատեսներ իրենց կարծիքն են հայտնել բրիտանական «Մեծ եղբայր 5» ռեալիթի-շոուի վերաբերյալ։ Երբ թողարկվել է «Մեծ եղբայր 6»-ը, շոուի անունը փոխվել է «Big Brother's Big Mouth» (Մեծ եղբոր մեծ բերանը)։ «Celebrity Big Brother 5»-ից հետո Բրենդը հայտարարել է, որ չի վարելու «Big Brother's Big Mouth»-ի հաջորդ թողարկումը։ Իր պաշտոնական հայտարարության մեջ Բրենդը շնորհակալություն է հայտնել բոլոր պրոդյուսերներին այն բանի համար, որ նրանք «իրենց վրա են վերցրել նախկին թմրամոլին՝ որպես հեռուստահաղորդման հաղորդավար աշխատանքի ընդունելու ռիսկը»։
Այնուհետև Բրենդը հանդես է եկել «Big Brother According to Russell Brand» («Մեծ եղբայրը Ռասել Բրենդի աչքերով») անվանումով հատուկ թողարկման հաղորդավար, որտեղ կատարել է «Մեծ եղբայր» ռեալիթի-շոուի սյուրռեալիստական վերլուծությունը։ 2006 թվականի գարնանը Բրենդը MTV է վերադարձել՝ որպես «1 Leicester Square» թոք-շոուի հաղորդավար, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրերին երեկոյան ժամը 8-ին, բայց հետո սկսել է հեռարձակվել երկուշաբթի ժամը 10-ին, ինչը թույլ է տվել Բրենդին ավելի մեծ թեմատիկա մտցնել նրա մեջ։ Հաղորդման հյուրերն են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ումա Թուրմանը, Բոյ Ջորջը, Միլա Յովովիչը և «Մայտի Բուշ» կատակերգական թատերախումբը։ «Big Brother 7»-ի ավարտից հետո Բրենդը սկսել է վարել «Russell Brand's Got Issues» («Ռասել Բրենդը խնդիրներ ունի») թոք-շոուն E4 ալիքում։ Հաղորդման առաջին թողարկումը չի կարողացել ներգրավել հանդիսատեսի մեծ լսարան, ինչը պրոդյուսերներին դրդել է փոխել նրա անվանումը «The Russell Brand Show» և այն հեռարձակել Channel 4 հեռուստաալիքով։ Ընդամենը հեռարձակվել է հաղորդման հինգ սերիա։
2006 թվականին Բրենդը հանդես է եկել NME Awards մրցանակի հանձնման արարողությանըտ՝ որպես վարող։ Արարողության ընթացքում Բոբ Գելդոֆը հրապարակայնորեն վիրավորել է Բրենդին, ինչին Բրենդը հակադարձել է. «Իրականում զարմանալի ոչինչ չկա, որ Գելդոֆը սովի խնդիրների վերաբերյալ նման լավ մասնագետ է։ Չէ որ նա արդեն 30 տարի է, ինչ ռեստորաններում ճաշում է «I don't Like Mondays»-ի փողերով»։ Բրենդը Brit Awards-ի հաղորդավարն է եղել 2007 թվականին՝ «Oasis» խմբին հանձնելով «երաժշտության մեջ ակնառու նվաճումների» համար մրցանակը։ 2007 թվականի հուլիսի 7-ին Բրենդը հանդես է եկել Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած Live Earth միջազգային երաժշտական փառատոնին՝ որպես հաղորդավար։
2007 թվականի դեկտեմբերին BBC Four հեռուստաալիքով Բրենդը ներկայացրել է «Russell Brand On the Road» («Ռասել Բրենդը ճանապարհին») վավերագրական ֆիլմը, որը նվիրված է եղել գրող-բիթնիկ Ջեք Քերուակին և նրա «Ճանապարհին» վեպին։ Նույն թվականին Բրենդը վերադարձել է Channel 4՝ «Russell Brand's Ponderland» հաղորդումով, որտեղ նա սթենդափ-հումոր ժանրում քննարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մանկությունն ու գիտությունը։ Հաղորդումը թողարկվել է 2007-2008 թվականներին և մեծ ժողովրդականություն է վայելել․ նրա լսարանը կազմել է ավելի քան մեկ միլիոն հեռուստադիտող։
Լուրն այն մասին, որ Բրենդը վարելու է MTV Video Music Awards 2008-ի արարողությունը, ամերիկյան ԶԼՄ-ները թերահավատորեն են ընդունել. չէ որ Բրենդին ամերիկյան հասարակությունը գրեթե չգիտեր։ MTV Video Music Awards-ում Բրենդի մասնակցությունն առանց բանավեճի և սկանդալների չի անցել։ Արարողության ժամանակ նա հայտարարել է, որ այդ գիշերը «Բրիթնի Սփիրսի նոր դարաշրջանի սկիզբն է», որի ժամանակ կայացել է «Սփիրսի հարությունը»։ Նա նաև հայտարարել է, որ «եթե գոյություն ունենար կին-Քրիստոս, ապա դա կլիներ Բրիթնին»։ Բրենդը կոչ է արել հանդիսատեսին՝ առաջիկա ընտրություններում քվեարկել Բարաք Օբամայի օգտին՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին անվանելով «մտավոր հետամնաց կովբոյ, որին Անգլիայում չէին վստահի անգամ մկրատը ձեռքին պահել»։ Բրենդը նաև ծիծաղել է «մաքրաբարոյության մատանիների» վրա, որոնք կրում են Jonas Brothers-ը։ Բրենդն արարողության ժամանակ հայտարարել է, որ «նրանք կարող են սեքսով զբաղվել ցանկացած կնոջ հետ, ում հետ կցանկանան, բայց նրանք ընտրել են՝ չանել դա։ Դա միևնույն է, եթե Սուպերմենն այլևս չթռչեր և սկսեր օգտվել հասարակական տրանսպորտից»։ Իր արտահայտությունների համար Բրենդը մահացու սպառնալիքներ է ստացել վիրավորված ամերիկացի հեռուստադիտողներից։ Շոուի ժողովրդականության վարկանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով, ինչը MTV-ի պրոդյուսերներին դրդել է Բրենդին հրավիրել նաև 2009 թվականի արարողությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Radio City Music Hall համերգասրահում։ 2010 թվականի ապրիլին Բրենդը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է․ «MTV Video Music Awards-ում ես սովորել եմ հումորներ չանել հումոր չունեցող մարդկանց վրա, քանի որ նրանք կարող են սպանել քեզ դրա համար»։
2002 թվականին Ռասել Բրենդը հայտնվել է BBC հեռուստաալիքի երկու հեռուստահաղորդումների մեջ՝ «White Teeth» և «Cruise of the Gods» (վերջինից նրան հեռացրել են նկարահանումների ընթացքում)։ 2005 թվականին Բրենդը BBC-ի «Blessed» սիթքոմում խաղացել է Թոմիի դերը։ Բրենդն իրեն փորձել է նաև Սուպեր Հանսի դերում՝ Channel 4 հեռուստաալիքի «Peep Show» սիթքոմի համար, սակայն սցենարիստները նախընտրել են կատակերգու Մեթ Քինգին։ 2007 թվականին Բրենդը նկարահանվել է ITV հեռուստաալիքի «Cold Blood» սիթքոմում՝ խաղալով Էլի անունով նախկին գողի դերը։ Մեկ այլ բրիտանական սիթքոմում՝ «The Abbey»-ում, Բրենդը խաղացել է թմրամոլի բուժման կուրս անցնող Թերիի դերը։ Բրենդը նաև հնչունավորել է «Ռոբբի՝ հյուսիսային եղջերու» մուլտֆիլմի շարքի կերպարներից մեկին։
2006 թվականին Բրենդը փոքրիկ դեր է կատարել Պենելոպեա ֆիլմում, իսկ 2007 թվականին՝ իր առաջին մեծ դերը «Համադասարանցիներ» ֆիլմում։ Բրենդի դերասանական կարիերայում բեկումնային պահ է դարձել 2008 թվականին թողարկված «Մոռանալով Սառա Մարշալին» ֆիլմում խաղացած ռոք երաժիշտ Ալդուս Սնոուի դերը։ Բրենդի խաղը հիացմունք է առաջացրել քննադատների շրջանում և պրոդյուսերները որոշել են նկարահանել կատակերգություն, որտեղ Բրենդի դերակատարմամբ Ալդուս Սնոուի կերպարը կլինի գլխավորը։ Արդյունքում 2010 թվականին թողարկվել է «Փախուստ Վեգասից» կատակերգությունը, որը վարձույթում մեծ հաջողության է հասել։ Քննադատների կողմից ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Variety ամսագիրը ժապավենն անվանել է «Գրեթե հայտնի» ֆիլմի «շատ գռեհիկ կրկնօրինակում»։
2008 թվականին Բրենդը նկարահանվել է «Գիշերային հեքիաթներ» ֆիլմում, որտեղ գլխավոր դեր է խաղացել Ադամ Սենդլերը։ 2010 թվականին Ջուլի Թեյմորի «Փոթորիկ» ժապավենում՝ Ուիլյամ Շեքսպիրի համանուն վեպի էկրանավորման մեջ, խաղացել է Տրինկուլոյի դերը։ 2011 թվականին գլխավոր դեր է խաղացել «Արթուր։ Կատարյալ միլիոնատեր» ֆիլմի (1981) ռեմեյքում։ 2011 թվականին նկարահանվել է Nickelodeon հեռուստաալիքի «Առաջ՝ դեպի հաջողություն» սերիալի Big Time Beach Party էպիզոդում։ 2016 թվականին Բրենդն Աստծո դերն է խաղացել Լարի Չարլզի «Առաքելություն. Ոչ ադեկվատ» կատակերգությունում՝ Նիկոլաս Քեյջի գլխավոր դերում։
Ռասել Բրենդի կարիերան ռադիոյում սկսվել է 2002 թվականին, երբ նա ընկերոջ՝ անգլիացի կատակերգու Մեթ Մորգանի հետ միասին հանդես է եկել՝ որպես Xfm լոնդոնյան երաժշտական ռադիոկայանի հաղորդման վարող։ Բրենդին շուտով ազատել են աշխատանքից, քանի որ նա կարդացել է պոռնոգրաֆիկ նյութեր ուղիղ եթերի ժամանակ։
2006 թվականին Բրենդը դարձել է «The Russell Brand Show» հաղորդման հաղորդավարը, որը հեռարձակվել է BBC Radio 6 Music ռադիոկայանից։ 2006 թվականի նոյեմբերին ռադիոշոուն սկսել է թողարկվել BBC Radio 2-ով շաբաթօրյա երեկոներին։ Շոուն ունեցել է մեծ հեղինակություն․ մեկ թողարկման միջին լսարանը կազմել է շուրջ 400 000 լսող։
2008 թվականի հոկտեմբերի 18-ին եթեր դուրս եկած «The Russell Brand Show»-ի էպիզոդներից մեկում Բրենդը և նրա գործընկեր դիջեյ Ջոնաթան Ռոսը մի քանի անգամ զանգել են դերասան Էնդրյու Սաքսին, որն այդ օրը պիտի լիներ հաղորդման հյուրը, բայց այդպես էլ չէր եկել։ Այն բանից հետո, երբ դերասանը չի պատասխանել, Բրենդն ու Ռոսը նրան ձայնային հաղորդագրություն են թողել՝ ոտքի վրա հորինված երգի տեսքով, որտեղ Բրենդը երգել է այն մասին, որ քնել է Էնդրյու Սաքսի թոռնուհու՝ Ջորջինա Բեյլիի հետ, որը «The Satanic Sluts» պարային խմբի անդամ է։ Հոկտեմբերի 26-ին The Mail on Sunday բրիտանական թերթը հրապարակել է հոդված այդ պատմության մասին՝ սկիզբ դնելով մեծ սկանդալի։ BBC-ին եկել են ռեկորդային թվով բողոքներով նամակներ ռադիոլսողներից։ Բրեդի պահվածքը քննադատության է ենթարկվել բրիտանական պառլամենտի մի շարք պատգամավորների և վարչապետ Գորդոն Բրաունի կողմից։ Արդյունքում Բրենդը ստիպված է եղել հեռանալ BBC-ից, իսկ Ռոսին արգելել են եթեր դուրս գալ երեք ամիսների ընթացքում։ BBC Radio 2-ի տնօրենը նույնպես ազատվել է աշխատանքից, իսկ բրիտանական իշխանությունները տուգանել են BBC-ին 150 000 ֆունտ գումարի չափով։
Սկանդալի մասին իմանալուց հետո Բրենդի տան առաջ հավաքվել է լրագրողների ամբոխ։ Նրանք Բրենդին խնդրել են մեկնաբանել դեպքը։ Ի պատասխան՝ Բրենդը ժպտալով մի քանի անգամ կրկնել է «Հարե Կրիշնա» և հեռացել է իր թիկնապահի ուղեկցությամբ։ The Daily Telegraph թերթը «սափրագլուխ և նարնջագույն հագուստով մարդկանց համար այդքան սիրելի կրոնական մանտարայի կրկնումը» համարել է Էնդրյու Սաքսին «ճանաչում բերելու շատ տարօրինակ միջոց»։
2009 թվականի ապրիլին Բրենդը վերադարձել է ռադիո՝ իր ընկեր Նոել Գալահերի հետ ելույթ ունենալով talkSPORT ռադիոկայանի ֆուտբոլային թոք-շոուում։
2006 թվականի մայիսից մինչև 2009 թվականի մայիսը Բրենդը վարել է իր սյունակը The Guardian թերթում՝ քննարկելով բրիտանական ֆուտբոլը և, մասնավորապես, իր սիրելի «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբը։ 2007 թվականի նոյեմբերին հրատարակվել է Բրենդի հրապարակումների հավաքածուն «Irons in the Fire» («Պողպատը կրակի մեջ») անվամբ։ Բրենդի հոդվածների երկրորդ՝ «Articles of Faith» («Հավատի հոդվածներ») ժողովածուն հրատարակվել է 2008 թվականի հոկտեմբերի 16-ին։ Գրքի մեջ են մտել ֆուտբոլի թեմային նվիրված Բրենդի հարցազրույցները Նոել Գալահերի, Ջեյմս Կորդենի և Դևիդ Բադիլեմի հետ։
2007 թվականի նոյեմբերի 15-ին լույս է տեսել Ռասել Բրենդի «My Booky Wook» ինքնակենսագրականը։ Գիրքը հրատարակվել է Hodder & Stoughton հրատարակչության կողմից և ստացել է դրական արձագանք քննադատների կողմից՝ դառնալով բեսթսելլեր Մեծ Բրիտանիայում։ The Observer թերթը նկատել է, որ «նախքան «My Booky Wook»-ում Ռասել Բրենդի հետաքրքրաշարժ պատմությունը թմրամիջոցների և անբարոյականության մասին, հայտնի մարդկանց բոլոր այլ հուշերը պարզապես շողոքորթություն էին»։
2008 թվականի հունիսին Բրենդը պայմանագիր է ստորագրել HarperCollins-ի հետ «Articles of Faith»-ի և իր ինքնակենսագրականի «My Booky Wook 2: This Time It’s Personal» երկրորդ մասի հրատարակման համար՝ ստանալով հրատարակչությունից 1,8 միլիոն Ֆունտ ստերլինգի չափով հոնորար։ «Booky Wook 2: This Time It’s Personal» ինքնակենսագրականը լույս է տեսել 2010 թվականի սեպտեմբերի 30-ին։
2014 թվականի հոկտեմբերին լույս է տեսել Բրենդի նոր Revolution գիրքը։
2007 թվականին The Beatles-ի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմի թողարկման քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ, Բրենդը «Գրեմմի» մրցանակակիր կոմպոզիտոր Դևիդ Առնոլդի հետ ձայնագրել է «When I’m Sixty-Four» երգի քավեր տարբերակը։ Բրենդը նաև երկու երգ է երգել «Թռիչքի մեջ» ֆիլմի սաունդթրեքի համար, որում նա նվագել է Infant Sorrow խմբի վոկալիստ և ռոք երաժիշ Ալդուս Սնոունի հետ։ Բրենդը կրկին երգել է Ալդուս Սնոուի հետ «Փախուստ Վեգասից» ֆիլմում, որի սաունդթրեքում նրա կատարմամբ 14-րդ երգ է թողարկվել։ Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում սաունդթրեքը բարձրացել է ITunes Store-ի սաունդթրեքների հիթ-շքերթի 1-ին հորիզոնական և ալբոմների հիթ-շքերթի 8-րդ հորիզոնական։
2010 թվականին Ռոբբի Վիլիամսի հետ Բրենդը մասնակցել է «Three Lions» երգի՝ 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի օրհներգի ձայնագրմանը։
2012 թվականի օգոստոսին Բրենդը ելույթ է ունեցել Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որտեղ կատարել է The Beatles-ի «I Am the Walrus» և «Pure Imagination» երգերը՝ «Վիլի Վոնկան և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմից։
Բրենդն իր Արջ մականունով գերմանական հովվաշան և կատվի հետ ապրում է Լոս Անջելեսում, իսկ վերջինս կրում է իր սիրելի երգիչներից մեկի՝ Մորիսիի անունը։ Մինչև 2009 թվականը Բրենդն ապրել է Լոնդոնի Համփսթեդ քաղաքում, սակայն 2009 թվականի վերջին 3,5 միլիոն դոլարով առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսում և 2010 թվականին վաճառել է իր լոնդոնի տունը։
Բրենդը 14 տարեկանից բուսակեր է։ Կենդանիների իրավունքների պաշտպանության PETA կազմակերպությունը Բրենդին ճանաչել է Եվրոպայի ամենասեքսուալ բուսակերներից մեկը, իսկ 2007 թվականին նրան շնորհել է աշխարհի ամենասեքսուալ բուսակերի կոչումը։ 2011 թվականին PETA-ն կրկին Բրենդին անվանել է տղամարդկանց կատեգորիայի ամենասեքսուալ բուսակերը։ Իր հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ Բրենդը պատվավոր կոչում է ստացել «միս ուտելուց հրաժարվելու քարոզչության և այն բանի ցուցադրման համար, որ բուսակերությունն օգնում է մարդուն առողջ տեսք ունենալ և իրեն լավ զգալ»։
Բրենդը նախընտրում է բոհեմյան ոճով հագուստներ, և ասում է, որ նման է «սադոմազոխիստական Վիլլի Վոնկային։ Տառապում է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ, իսկ անցյալում հիվանդացել է նյարդային բուլիմիայով և հակված է եղել ինքնավնասման։ Բրենդը հաճախ խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ, ձերբակալվել է 11 անգամ։
Բրենդը եղել է թմրամոլ, հիպերսեքսուալ և հարբեցող, սակայն 2002 թվականից ի վեր չի խմում, չի ծխում և թմրանյութեր չի ընդունում։ Թմրանյութերի կախվածությունից ազատվելուն օգնել է «Հարե Կրիշնա» մանտրայի և կրիշնաիտայի կրկնությունը, որոնց առջև նա իրեն պարտական է զգում։ Բրենդը Focus 12 թմրամոլների վերականգնողական բարեգործական կազմակերպության հովանավորն է, որտեղ նա ինքն է ժամանակին բուժվել։
2010 թվականին Բրենդն ամուսնացել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի հետ, որի հետ ծանոթացել էր 2008 թվականի ամռանը «Փախուստ Վեգասից» ֆիլմի նկարահանումների ժամանակ (որտեղ Քեթին նկարահանվել է կամեոյում)։ Նրանք սկսել են հանդիպել 2009 թվականի սեպտեմբերին՝ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության արարողությունից հետո։ Քեթի Փերրին չի շահել ոչ մի մրցանակ, և Բրենդը, լինելով ծրագրի վարող, հայտարարել է. «Քեթի Փերրին այսօր մրցանակ չի շահել, իսկ նա ապրում է ինձ հետ նույն հյուրանոցում։ Նա պետք է լաց լինի իմ ուսին։ Այնպես որ, որոշ չափով, իսկական հաղթողն այսօր ես եմ»։ Երկու ամիս անց Բրենդը հայտարարել է, որ նրանք մտադիր են ամուսնանալ։ 2010 թվականի հունվարի 6-ին Բրենդն ու Փերրին հայտարարել են իրենց նշանադրության մասին։ Բրենդն առաջարկություն է արել Քեթի Փերրին Հնդկաստանում՝ ամանորի գիշերը փղին հեծած։ Քեթի Փերրիի և Ռասել Բրենդի հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 23-ին Ռաջաստանում՝ հնդկական ծիսակարգով։
2007 թվականին՝ Քեթի Փերրիի հետ ծանոթանալուց առաջ, Բրենդն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում քնել է ավելի քան 2000 կանանց հետ, իսկ 2009 թվականի հունվարին հայտարարել է, որ մեկ ամսվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել 80 կանանց հետ։ Սակայն, սկսելով հանդիպել Քեթի Փերրի հետ, Բրենդը հայտարարել է, որ երկար որոնումներից հետո գտել է իր երազանքի կնոջը և պատրաստվում է հավատարիմ լինել նրան։
2011 թվականի դեկտեմբերի 30-ին Բրենդն ապահարզանի փաստաթղթեր է ներկայացրել։ Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայտարարության մեջ Բրենդը մատնանշել է հարաբերություններում «անհաշտ հակասությունները» կնոջ հետ։ Նա ամուսնալուծությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ցավոք, մեր ամուսնությունը Քեթիի հետ երկար չտևեց։ Ես միշտ քնքշորեն կսիրեմ նրան և գիտեմ, որ մենք ընկերներ կմնանք»։
2015 թվականից Ռասելը հարաբերությունների մեջ է եղել Լորա Գալագերի հետ։ 2016 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է դուստր` Մեյբլը։
Բրենդը զբաղվել է յոգայով և, իր իսկ խոսքերով, «մշտապես զբաղվել է մեդիտացիայով»։ Բրենդն իրեն հավատացյալ մարդ է անվանում և ասում է, որ իր աշխարհայացքին ամենից շատ համապատասխանում է հինդուիզմը։ Նա բազմիցս այցելել է Հարտֆորդշիրի կրիշնաիտ համայնքի Բհակտիվեդանտա Մենոր և Լոնդոնի Ռադհի Կրիշնա տաճար։ Բրենդը հաճախ է ավարտել իր սթենդափ-ելույթները, շոուները և հաղորդումները ռադիոյով և հեռուստատեսությամբ «Հարե Կրիշնա» արտահայտությամբ։ 2007 թվականին նա իր The Guardian սյունակում գրել է․ «Ես հաճախ եմ ասում Հարե Կրիշնա, երբեմն նաև այն ժամանակ, երբ ինձ չեն նկարում»։ Բրենդը նաև պնդում է, որ «կրիշնաիտներն իրեն սովորեցրել են, որ իրականությունը պատրանք է, և որ պետք չէ ամաչել, երբ խոսքը վերաբերում է սանրվածքներին»։
Բրենդը բազմիցս հանդիպել է կրիշնաիտական գուրու Ռադհանաթխա Սվամիի հետ, որը, ըստ The Daily Mail-ի, օգնել է նրան «փոխել հայացքը կյանքի ու սիրո հանդեպ»։ The Times թերթի համաձայն՝ Ռադհանաթխա Սվամիի հետ մի հանդիպումից հետո Բրենդը հայտարարել է․ «Նա գեղեցիկ անձնավորություն է։ Նա ունի իմ հարցերի պատասխանները։ Ես հոգևոր մարդ եմ և ավելի ու ավելի եմ դառնում այդպիսին։ Սա այն մակարդակն է, որտեղ ես կցանկանայի ցնցվել, բայց դրան խանգարում է սեքսի և գլամուրի տենչը»։ Մի ուրիշ անգամ Բրենդը նույն թերթում մեկնաբանել է․ «Ես հանդիպեցի այդ Սվամիի հետ և ասացի նրան․ «Ես լցված եմ եսասիրությամբ և ամբիցիաներով, նրանք թափանցում են իմ մեջ, դրանք իմ կյանքն են, ես ապրում եմ դրանցով»։ Նա պատասխանել է․ «Մի անհանգստացիր։ Դա Աստծո կողմից տրված շնորհ է։ Օգտագործիր այն՝ ծառայելով Նրան»։ Ընդհանրապես, նա ոչ թե ասել է Աստված, այլ Կրիշնա, բայց ես դա թարգմանում եմ անգլերեն, որպեսզի այդքան տարօրինակ չհնչի»։
2009 թվականի հունվարին, Բրենդն ու մի շարք այլ աստղեր The Independent թերթին հայտարարություն են գրել, որում կոչ են արել Իսրայելին դադարեցնել Գազայի հատվածի վրա հարձակումները, որոնք խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերի պատճառ են դարձել։
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2007 թվական | Համադասարանցիներ | Ֆլեշ Հերի |
2008 թվական | Պենելոպե | Սեմ |
Թռիչքի մեջ | Ալդուս Սնոու | |
Հեքիաթներ գիշերը | Միկի/ Բաբախ / սատիր / Միկի-պուկ-Վստահելի ընկեր | |
2010 թվական | Փոթորիկ | Տրինկուլո |
Փախուստ Վեգասից | Ալդուս Սնոու | |
Անճոռնի ես | բժիշկ Նեֆարիո (ձայն) | |
2011 թվական | Վնասակար Ֆրեդ | Վնասակար Ֆրեդ |
Արթուր։ Կատարյալ միլիոնատեր | Արթուր Բեչ | |
2012 թվական | Դարի ռոք | Լոնի Բարնեթ |
Աստծո գառ | Ուիլյամ | |
2013 թվական | Անճոռնի ես 2 | բժիշկ Նեֆարիո (ձայն) |
2016 թվական | Առաքելություն․ Ոչ Ադեկվատ | Աստված |
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռասել Բրենդ» հոդվածին։ |
|