Ջոն Գալիանո

Ջոն Գալիանո
անգլ.՝ John Galliano
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1960(1960-11-28) (63 տարեկան)
ԾննդավայրՋիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ, Վիլսոնի դպրոց և Սուրբ Մարտինի արվեստի դպրոց
Մասնագիտությունհագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ
ԱշխատավայրGivenchy, Դիոր և Maison Margiela
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjohngalliano.com
 John Galliano Վիքիպահեստում

Ջոն Գալիանո (անգլ.՝ John Galliano, իսկական անունը՝ Խուան Կարլոս Անտոնիո Գալիանո Գիլեն, իսպ.՝ Juan Carlos Antonio Galliano Guillén, նոյեմբերի 28, 1960(1960-11-28), Ջիբրալթար, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդելավորող, որը հայտնի է իր էպատաժային հավաքածուների շնորհիվ։ 1996 թվականից մինչև 2011 թվականը եղել է Դիոր նորաձևության տան արտ-տնօրենը։

Կենսագրություն

Ջոն Գալիանոն ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 28-ին Ջիբրալթարում, ինտերնացիոնալ ընտանիքում․ հայրը եղել է իտալական արմատներով անգլիացի, իսկ մայրը՝ իսպանուհի։

Երբ Ջոնը դարձավ 6 տարեկան, ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ջոն Գալիանոն ընդունվել է Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի հեղինակավոր քոլեջ և աշխատանքի անցել ազգային թատրոնում՝ այնտեղ աշխատանքը համատեղելով քոլեջում սովորելու հետ։

1985 թվականին Ջոն Գալիանոն ներկայացրել է ֆրանսիական հեղափոխության մոտիվներով իր դիպլոմային աշխատանքը, որը նա կատարել է ազգային թատրոնում։ Ջոնը սենսացիա է առաջացրել իր դիպլոմային աշխատանքով։ Այս աշխատանքը նկատել են նաև Browns առաջատար հագուստի խանութի սեփականատերերը, որոնք գնել են ամբողջ հավաքածուն և այն ցուցադրել ցուցափեղկի վրա։

Ջոան Բուրշտեյնի ֆինանսական աջակցությամբ Գալիանոն կարողացել է ներկայացնել իր դեբյուտային հավաքածուն «Բրիտանական բարձր նորաձևության շաբաթում»։ Համագործակցելով գլխարկների դիզայներ Սթիվեն Ջոնսոնի հետ՝ Գալիանոն հանդիսատեսին ներկայացել է աշխարհի բարձր նորաձևության թարմ հայացքով, թեկուզև ոչ միանշանակ։ Հավաքածուի ցուցադրությունից առաջ Գալիանոն ջուր էր լցնում մանեկենների վրա, և այդ կերպով դուրս հանում նրանց պոդիում։ Ցուցադրությունից հետո նա ծանոթացել է հրատարակիչ Ամանդա Հարլեքի հետ, որ դարձել է նրա անձնական ոճաբանը։ Հաջորդ տարվա գարնանը Գալիանոն ներկայացրել է հաջողության ունեցած հավաքածուն՝ «Ընկած հրեշտակները»։ Նոր հովանավորը՝ դանիացի բիզնեսմեն Պեդեր Բերտելսենը օգնել է Ջոնին Փարիզում կազմակերպել իր առաջին ցուցադրությունը։

1988 թվականին Սթիվեն Ռոբինսոնի հետ միասին Գալիանոն ստեղծել է «Բլանշ Դյուբուա» հավաքածուն, որի համար արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» կոչմանը։ Այս հավաքածուի ստեղծման ժամանակ ճապոնացի մոդելավորողների աշխատանքներով ոգեշնչված դիզայները կիրառել է ձևվածքի անհամաչափություն։ Ջոնի հռչակը որպես դիզայներ աճում էր․ երկու տարի անընդմեջ Գալիանոն պատասխանատու է եղել Բալենսիագա տան հավաքածուի համար։

90-ականների սկզբի նորաձևության ինդուստրիայի ճգնաժամը դիզայներին ստիպել է լքել Լոնդոնը և տեղափոխվել Փարիզ։ Այստեղ Գալիանոն ծանոթացել է ամերիկյան «Վոգ» ամսագրի խմբագրի՝ Աննա Վինտուրի հետ։ Վինտուրն իր խնամակալության տակ է առել տաղանդավոր երիտասարդ դիզայներին և նույնիսկ օգնել նրան աշխատանքի հարցում։ Նա համոզել է պորտուգալացի բարձրաշխարհիկ տիկին Սաո Շլումբերժեին (Saõ Schlumberger) Փարիզի կենտրոնի իր առանձնատունը տրամադրել Գալիանոյի հավաքածուի ցուցադրության համար, որը մեծ հաջողություն է ունեցել։ 17 բացարձակ սև հագուստներ, որոնցում շարանցել են մոդելներ Քեյթ Մոսը և Նաոմի Քեմփբելը, որոնց հետ համագործակցել է Գալիանոն, ցնցել են նորաձևության ողջ աշխարհը։

Դիզայների կողմից ստեղծվող կանացի կերպարները միշտ մտածված են մինչև ամենափոքր մանրուքը։ Նրա ստեղծած ամենահայտնի կերպարներից մեկը «Արքայադուստր Լուկրեցիան» է։

«Ինձ ոգեշնչում է անհատականությունը։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսին է եղել այդ կինը, ինչ էր նա հագնում, որտեղ էր ապրում, ովքեր էին նրա սիրեկանները»,– ասել է Գալիանոն։

Հավաքածուի համար, որը բաղկացած է կրինոլիններից, երեկոյան զգեստներից, որոնք ձևված են թեք, գիշերանոց-կոստյումներից,ոգեշնչման աղբյուր են ծառայել 1930-ական թվականները։

Շուտով Գալիանոյի տաղանդը գրավեց Բեռնար Առնոյի ուշադրությունը, որը 1995 թվականին նրան առաջարկել է «Givenchy» տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ «Givenchy»-ում մեկ տարի աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել պահպանողական «Dior»-ում, որը Գալիանոն վերափոխել է։ Ամեն տարի թողարկվում է 12 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը ստիպում է նորովի նայել նորաձևության աշխարհին։ Այսպես, «Dior»-ում իր առաջին տարում Ջոն Գալիանոն ներկայացրեց մի հավաքածու, որը դարձավ նոր ուղղության՝ գլամուրի կանխագուշակը։

Ստեղծելով նոր կերպարներ՝ Գալիանոն փոխում է իր կերպարը։ Նա միակ դիզայներն է, որի հայտնվելը պոդիումի վրա ոչ պակաս հետաքրքիր շոու է, քան բուն դեֆիլեն։ Ընդ որում, հեղինակի մոդելների բոլոր կերպարները մնում են կանացի։

2011 թվականի մարտի 1-ին հեռացվել Christian Dior նորաձևության տնից, որի պատճառը հանդիսացել են Փարիզի Նորաձևության շաբաթվա նախօրեին Փարիզի բարերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ նրա ասված հակասեմական արտահայտություններըշ։ Ավելի ուշ՝ նույն տարվա սեպտեմբերին, ֆրանսիական տրիբունալը Գալիանոյին մեղավոր է ճանաչել հակասեմական վարքի համար, և այդ իրավախախտման համար նրան դատապարտել 6 հազար եվրո տուգանքի՝ փորձաշրջանով։

2013 թվականի հունվարին ամերիկացի դիզայներ Օսկար դե լա Ռենտան Գալիանոյին հրավիրել էր իր նորաձևության տուն և առաջարկել ստուդիա՝ նոր ստեղծագործական նախագծեր իրականացնելու համար։ Չնայած Գալիանոն եղել է ժամանակավոր աշխատանքի, նրա հավաքածուն թողարկվել է և ներկայացվել նորաձևության ցուցադրությանը։ Ինչպես նախկինում, հավաքածուն ուներ շատ զգեստներ, շրջազգեստներ և ճոխ զարդեր։

2015 թվականից զբաղեցնում է Maison Margiela նորաձևության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նրա առաջին հավաքածուն ներկայացվել է Լոնդոնում՝ բարձր նորաձևության շաբաթում։ Այս հավաքածուի համար Գալիանոն մշակել է 24 կերպար, որոնցում միավորել է ֆրանսիական բրենդի ֆիրմային դեկոնստրուկտիվիզմը՝ թատերական շքեղության հանդեպ սեփական ձգտման հետ։

Մրցանակներ

  • «Տարվա լավագույն դիզայներ» (1987, Մեծ Բրիտանիա), 1987 թվականի գարուն-ամառ հավաքածուի համար։
  • «Տարվա լավագույն դիզայներ» (1994, Մեծ Բրիտանիա), 1994-1995 թվականների աշուն-ձմեռ հավաքածուի (որը կազմված էր ընդամենը 17 մոդելներից) համար։
  • «Տարվա լավագույն դիզայներ» (1995, Մեծ Բրիտանիա)
  • «Տարվա լավագույն դիզայներ» (1997, Մեծ Բրիտանիա)
  • Բրիտանական կայսրության շքանշան (2001, Մեծ Բրիտանիա)
  • Պատվավոր Լեգեոնի շքանշան (2008, Ֆրանսիա), ավելի ուշ զրկվել է այդ շքանշանից․ Գալիանոյին Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետի կոչումից զրկելու հրամանագիրը ստորագրվել է 2012 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Cosgrave B. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
  5. «Последний показ коллекции "Диор" прошёл в отсутствие Джона Гальяно». Вести.ру. 4 марта 2011. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  6. «За антисемитизм можно увольнять». Агентство Еврейских Новостей. 07.11.14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Джон Гальяно отделался штрафом в €6 тысяч за антисемитские высказывания». // gazeta.ru. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Гальяно в помощь! Показ Oscar de la Renta в Нью-Йорке». // woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գալիանո» հոդվածին։